Երկրում մոլեգնում է «իմքայլական տերտերը»
21.02.2020 | 00:13
Քանիցս արձանագրել ենք` պետք է ուշադրություն դարձնել միջազգային «աուկցիոներների» նշանային համակարգին: Վերջերս Օսկարի հաղթող համարվեց «Մակաբույծը» բավականին խոսուն վերնագրով ֆիլմը: Ժամանակին «Եվրատեսիլում» հաղթեց դիվային ինչ-որ ռոք խումբ, հետո Կոնչիտան էր, և այդպես շարունակ:
Այո, նախ գործ ունենք 25-րդ կադրի հետ (երբ կարևոր միտքը դնում են, ապա կադրը հանում), որը քաղաքականության ոչ միայն կոդն է, այլև բանալին: Եվ ապա այդ կոդն այնքան են ակտիվացնում, որ... ամենուր է ու բացահայտ այլևս: Եվ վերջապես, Ասիայի կարևորագույն երկրում` Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը (թագապարազիտը. նշանային չէ, բա ինչ է), Իրանում նույնպես արդեն մահացողներ կան այդ վիրուսից։ Դատելով իրանական իշխանությունների զգուշավոր հայտարարություններից ու մոտեցումներից, ակնհայտ է, որ վերջիններս շատ լավ հասկանում են` ինչի հետ գործ ունեն:
ՈՒ սա միակ տագնապը չէ տարածաշրջանի համար: Իդլիբի շուրջ ձևավորվող առանցքը` Իրան-Ռուսաստան-Սիրիա մի կողմում, ԱՄՆ-Թուրքիա-Սաուդյան Արաբիա նյու անտանտները քաղաքական «վիրուսի» արձակման ու կանխարգելման լուրջ մարտեր են. առայժմ` Սիրիայում, ինչպես հասկանալի է, նաև` Իրաքում, ինչ արդյունքով, առայժմ շատ վաղ է կանխագուշակելը, բայց որ աշխարհը աննախադեպ թափով վերադասավորվում, վերաձևվում է, ընդ որում, չխորշելով խաղի մեջ պահել այնպիսի լրջագույն-մակաբույծ վտանգ, ինչպիսին կորոնավիրուսն է, ինքնին հասկանալի է: Չերկնչելով դավադրության տեսության «առաջամարտիկ» լինելու պաթոսից, մեկ փոքրիկ էքսկուրս ևս անենք. չի բացառվում, եթե չասենք, որ հաստատ համոզմունք ունենք, որ կորոնավիրուսի հակավակցինան «որոշ» երկրներ հաստատապես ունեն, և անհրաժեշտ պահին եթե ոչ իրենք, ապա «պասով» այլք ասպարեզ կբերեն` գործընթացները ղեկավարելի պահելու համար:
Ինչու ենք այսքան երկար այս նաղլը պատմում: Ցուցանելու առակը, որ մեզանում յարխուշտային փառատոն են կազմակերպում: Եվ ինչո՞վ լրջագույն նշանային համակարգ չէ այն: Ինչո՞վ ուրույն հանրաքվե չէ: Չէ՞ որ ասված է` ուղտի պարը կամրջին է բռնում: Բռնել է:
Աշխարհի, տարածաշրջանի համար գերկարևոր զարգացումների այս փուլում Հայաստանը, առավել ստույգ՝ նրա իշխանությունները, զբաղված են սեփական թատրոնով, սեփական «բացիլների» արտածմամբ, սեփական օրակարգը, պետության անգոյություն որպես, առաջ տանելով:
Մյունխենյան օճառային շոուից հետո և դրանից առաջ էլ անվերջ խոսվում էր, որ չի բացառվում արցախյան նախագահական-պառլամենտական ընտրությունների, հայաստանյան հանրաքվեի միջակայքում, այն է` ապրիլին կրկին «ապրիլյան» լինի, Մյունխենում ծիծաղող կիրթ Ալիևը կրկին հարձակվի, քանի որ նրա դիմաց այլևս կանգնած չէ այն գեներալիտետը, որին պատի նման խփվեց 2016-ի ապրիլին, որովհետև օրվա իշխանությունը «բացիլ» է գցել նաև հայոց բազմավաստակ գեներալիտետի շարքերում՝ ոմանց նկատմամբ գործեր հարուցելով, ոմանց վարկաբեկելով, ոմանց պաշտոնանկ անելով, ոմանց էլ ԱԺ քննիչ հանձնաժողովի` հիմնականում բանակում չծառայածների, կասկածելի կենսագրություն ունեցողների դատին հանձնելով:
Ալիևի դեմ կանգնած չէ այն Աբաջյան-զինվորների հզոր, նահատակ փաղանգը, որն իր կյանքի գնով պահեց ազերիների մարդակեր հոսքը, որովհետև բանակում այսօր, ինչպես ամենուր, նույն մտահոգեուժասպառության տանող գլոբալիստների անկանոն շարժումների առաջացրած ապատիան է տիրում, որի առարկայնացումը ինքնասպանությունների անվերջանալի շարքն է:
Եվ այսօր «կիրթ» ազերին ոչ միայն Թալիշում ծեր մարդկանց գլուխ կկտրի, կպտտի համացանցով, հանց իր նշանային համակարգ, այլև կփորձի հասնել Ստեփանակերտ…
Նկատեցի՞ք` Ալիևը Նիկոլի կենդանի ներկայությամբ Երևանի մասին էր սևեռված խոսում` կրկին, ու քանի որ Նիկոլը անքան էր զբաղված իր հեղափոխությամբ` թավշյա, ոչ բռնի, այնքան էր զբաղված իր միկրոհեղափոխություններով` ամբիցիոզ, օճառային, հայ ոգին ջարդող, որ որևէ բառ, տառ իսկ չարտաբերեց մարդակերի կենդանի ներկայությամբ, որը հային նաև ցեղասպան համարեց` Խոջալուի մասով, և պարոն Նիկոլը դարձյալ որևէ բառ չարտաբերեց Թալիշում դանակով գլխատված ծեր ամուսինների, քնած հայ սպային կացնահարած Սաֆարովի, մնացյալների մասին:
Այո, Նիկոլն ազգին սովորեցնում է «Յարխուշտա» պարել, որ ազերուն պարո՞վ դիմավորենք... Պարը հոգու հորիզոնական ուժգնության ուղղահայաց դրսևորումն է. մեր նախնիները, երբ դժվար է եղել, երբ պետք է եղել ուժ ստանալ, գնացել են իրենց նախնիների գերեզմանների վրա պարելու` ուժ հավաքելու:
Գլոբալիստներն ու Նիկոլը հաստատ սա չգիտեն, ու հենց այդ պատճառով «Յարխուշտան» իշխանական, «իմքայլական տերտերից», նիկոլական շոուից կվերածվի հայի հոգու ներուժը գեներացնելու հզոր ու խոր նշանային համակարգի:
Կասկած չունեմ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ